Մենք

  • Խորհրդի կազմը

Ի՞նչ շարժում է սա

«Չորրորդ հանրապետություն» շարժումը նախաձեռնել են մի խումբ մարդիկ, որոնք մտահոգ են Հայաստանի և հայության ներկայով և ապագայով, փորձում են ձևավորել հարաբերությունների նոր մշակույթ և որակ, որտեղ առկա կլինի փոխադարձ վստահություն, հավասար ձայնի իրավունք, բաց և թափանցիկ աշխատանք ու պատասխանատվություն բոլոր քայլերում։

Շարժման կարգախոսներն են՝ հավասարություն, փոխվստահություն, պատասխանատվություն։

Շարժման առաքելությունը

Շարժման առաքելությունը նոր հանրային հարաբերությունների ձևավորումն է, որը հիմնված կլինի բաց և թափանցիկ գործելակերպի վրա: Բոլոր անդամներն, անկախ անդամության վաղեմությունից, ունեն հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ, որոշումներն ընդունվում են քննարկումների ու քվեարկությունների հիման վրա: Առանց փոխադարձ վստահությունն ապահովող մեխանիզմների, հնարավոր չէ արդյունավետ հանրային ու քաղաքական ինստիտուտներ ձևավորել, ինչի ապացույցն է մեր երեսուն տարվա անկախության ժամանակաշրջանը:

Շարժման աշխարհայացքը

Վերջին երեսուն տարում Հայաստանում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում հասարակության մեջ առկա անարդարության զգացողությունը։ Անարդարության զգացողության վրա հիմնված հասարակությունը չի կարող լինել համերաշխ կարևոր խնդիրներում և չի կարող զարգացում ունենալ։ Համարում ենք, որ ամենաառանցքային խնդիրներից մեկը սոցիալական արդարության հաստատումն է։ Մյուս կողմից, չի կարող տնտեսական զարգացում ունենալ այն երկիրը, որտեղ սեփականության իրավունքը պաշտպանված չէ։ Այդ երկու խնդիրները՝ սեփականության իրավունքի պաշտպանությունն ու սոցիալական արդարության հաստատումը, պետք է ներդաշնակ լուծում ստանան։ Վստահ ենք, որ այս հարցում պետությունը պետք է լուրջ միջոցառումներ իրականացնի հանրության տարբեր հատվածներին հաշտեցնելու համար։ Սա միջոցառումների առանձին ծրագիր է ենթադրում:

Հայաստանում առկա փոխադարձ անվստահության մթնոլորտի պատճառներից է ըստ ընդունակությունների սոցիալական վերելակների բացակայությունը: Մենք դա կառուցում ենք Շարժման ներսում ու պետք է տարածենք ողջ Հայաստանում:

Չենք ընդունում արտաքին կողմնորոշումների վրա հիմնված մոտեցումները․ ցանկացած քաղաքականության հիմքում պետական շահն է: Հայաստանը տարածքով, բնակչության քանակով ու ռեսուրսներով չի կարող համարվել որպես ինքնաբավ պետություն։ Առաջնային խնդիրն անվտանգության խնդիրներն են, որը փոխկապակցված է աշխարհաքաղաքական փոփոխվող իրադրության հետ։ Այս առումով մենք բացառում ենք որևէ դոգմայացված արտաքին կողմնորոշում։ Մեր արտաքին քաղաքականության առանցքն է անվտանգության համակարգն ու դրա հետ կապված անվտանգային հարցերը։ Մենք ընտրում ենք դաշնակիցներ ըստ ընդհանուր շահերի ու ստեղծված իրադրության։

Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական երկիր, սակայն ժողովրդավարությունը ներքաղաքական առաջնահերթություն է, իսկ արտաքին քաղաքականությունը չի կարող կառուցված լինել նմանատիպ արժեհամակարգերի վրա։ Այսպիսով, մեր ներքին քաղաքականությունը կառուցվելու է ժողովրդավարական արժեքների վրա, իսկ արտաքին քաղաքականությունը՝ ազգային շահի:

Շարժման համակարգող մարմինը

Շարժումը համակարգող մարմինը Խորհուրդն է, որը բաղկացած է 9 անդամներից: Խորհուրդն իր կազմից ընտրում է Համակարգող, որը կոորդինացնում է աշխատանքները և Շարժման անդամներին տեղեկացնում ընթացիկ զարգացումների մասին:

Խորհրդի անդամները հանրայնացնում են Շարժման որոշումները, հանդես են գալիս Շարժման անունից, ներկայացնում Շարժման նպատակները և ծրագրերը, կազմակերպում հանրային քննարկումներ ու ակցիաներ: Խորհուրդն ունի Շարժման անդամներին անդամությունից զրկելու լիազորություն, եթե նրանք գրանցվել են կեղծ օգտահաշիվներով, քննարկումների ժամանակ խախտել էթիկայի կանոնները կամ Շարժումը վարկաբեկող գործունեություն ծավալել: Մնացած դեպքերում Շարժման անդամներն ունեն ազատ արտահայտվելու իրավունք, մասնակցում են որոշումների կայացմանը, ընտրում և ընտրվում են:

Եթե Խորհրդի անդամը որոշում է վայր դնել իր լիազորությունները, ապա դրա մասին տեղեկացնում է Շարժման անդամներին և Խորհրդի նոր անդամի ընտրություն է կայանում:

Խորհուրդը կարող է որոշում կայացնել Շարժման գործունեության վերաբերյալ, սակայն ցանկացած անդամ կարող է այդ որոշումը բողոքարկել՝ այն դնելով ընդհանուր քվեարկության: Խորհրդի որոշումները կարող են վիճարկվել, եթե անդամների համապատասխան քանակությամբ ձայներ հավաքվեն:

Խորհրդի ընտրությունները

Խորհրդի անդամների ընտրությունները տեղի են ունենում յուրաքանչյուր 12 ամիսը մեկ: Ընտրությունների ժամկետի մասին Համակարգողը տեղեկացնում է Շարժման անդամներին: Շարժման յուրաքանչյուր անդամ ունի 9 ձայնի իրավունք, որոնք նա բաշխում է ըստ իր ցանկության: Խորհրդի ազատված տեղի համար կազմակերպվում են լրացուցիչ ընտրություններ և նոր անդամի լիազորություններն ուժի մեջ են մինչև Խորհրդի ողջ կազմի ընտրություններն՝ ըստ սահմանված ժամկետի: